Երեկ Իսրայելում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական հերթական առաջնությունը: Գլխավոր հանդիպումում միմյանց դեմ ելան Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիները: Հանդիպման ելքից մեր ընթերցողը հարկավ տեղեկացված է թերթի էլեկտրոնային տարբերակից, սակայն այնպես չէ, որ առաջնությունն ուշագրավ չէր դրան չանդրադառնալու անհիմն պատճառներ փնտրելու և առաջնության մասին չխոսելու համար:
Ի սկզբանե էլ հայտնի էր, որ առաջնության թիվ մեկ ֆավորիտն Իսպանիայի ընտրանին է, որը խմբայինն անցավ մի շնչով` հերթով հաղթելով Ռուսաստանի (1:0), Գերմանիայի (1:0), Նիդերլանդների (3:0) ընտրանիներին, ընդ որում, առանձնապես չջանալով: Ինչ խոսք, Հոլանդիայի հավաքականի առնչությամբ հարկ է վերապահում անել, քանզի իսպանացիների դեմ նրանք խաղադաշտ էին ելել ամբողջապես պահեստային կազմով, քանի որ մրցակցի պես խմբայինից դուրս գալու հարցերը նախապես էին լուծել և կիսաեզրափակիչ ապագա հանդիպման համար ուժերը խնայել էր պետք: Սակայն, հանուն ճշմարտության ասենք, այնպես էլ չէր, թե Իսպանիան էր ամբողջապես մարտական կազմով դուրս եկել:
Իսպանիա-Նորվեգիա կիսաեզրափակիչը, ինչպես և սպասվում էր, անակնկալներ չմատուցեց: Դաշտում անմնացորդ տիրություն էին անում իսպանացիները, նորվեգների հույսը մրցակցին հակահարձակումների վրա բռնացնելն էր: Հույսը` հույս, բայց իսպանացիները երեք անպատասխան գոլով «պարգևատրեցին» մրցակիցներին ու դուրս եկան եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում մրցեցին Իտալիայի ու Նիդերլանդների ընտրանիները: Այս հանդիպումն արդեն չուներ նախորդի որոշակիությունը, որտեղ միանշանակ ֆավորիտը Իսպանիան էր, թեև խմբային հանդիպումներից հետո շատերի համակրանքը հոլանդացիների կողմն էր, ովքեր ագրեսիվ էին իրենց խաղաոճով, շատ ավելի նպատակադրված ու ուղղորդված էին մրցակցի դարպասը տանող իրենց գործողություններում, և սա` աչք շոյող կատարողականի հենքի վրա:
Խաղը լարված ընթացք ունեցավ, իտալական պաշտպանությունը, բառիս բուն իմաստով, հրաշքներ գործեց, իսկ արդյունքում գործեց ֆուտբոլային չգրված կանոնը` չես խփում դու, խփում են քեզ: Նվազագույն հաշվով առավելությունը իտալացիներին հանեց եզրափակիչ, որտեղ նրանց վաղուց սպասում են իսպանացիները` հավաքական, որը, կարծես, թույլ տեղեր չունի ու սկզբունքորեն տրամադրված է չեմպիոնի ունեցած բարձր կոչումը պահպանելուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ